Շարունակվում է հայաստանյան պատվիրակության այցը Եթովպիա




Շարունակվում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքները Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում։
Պատվիրակության կազմում է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը։
Պատվիրակությունն այցելել է Եթովպիայի ազգային արխիվի և գրադարանի գործակալություն և Ազգային թանգարան։ Նշյալ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ համատեղ նախաձեռնություններ և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նշվել է, որ հայաստանյան համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն փորձի փոխանակումներ ձեռագրերի վերականգման և պահպանման բնագավառում։ Կձևավորվի նաև թանգարանների միջև համագործակցություն, որը կնպաստի երկու երկրների մշակութային երկխոսության զարգացմանը։ Այդ համատեքստում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հուշագրեր կնքելու ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է նաև Ադիս Աբեբայի և Օրոմիայի պետական համալսարանների նախագահների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի բարձագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը: Ձեռք է բերվել միջբուհական համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Առանձնահատուկ կարևորվել է Երևանի պետական և Ադիս Աբեբայի համալսարանների միջև համագործակցությունը։
Աղբյուրը՝ escs.am