ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթ՝ ԵՄ Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի համար

15.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Գիտության և նորարությունների գործընկերությունների աջակցության կենտրոն» հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (Գործակալություն) հետ համագործակցությամբ մեկնարկում են ԵՄ Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի համար մրցույթ։

Ծրագրի մասին․

Հիշեցնենք, որ Էրազմուս+ ծրագիրը (Ծրագիր) Եվրոպական միության ծրագիր է, որը միտված է աջակցելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներին: 2021-2027 թվականների աշխատանքային ծրագրի թիրախային ուղղություններն են` սոցիալական ներառականությունը, կանաչ ու թվային փոխակերպումները և երիտասարդների մասնակցության խթանումը ժողովրդավարական գործընթացներում: Ծրագիրն աջակցում է Եվրոպական կրթական տարածքում, թվային կրթության գործողությունների ծրագրով և Հմտությունների եվրոպական օրակարգով սահմանված առաջնահերթություններին և գործողություններին:

Էրազմուս+ ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու համագործակցությունը ամբողջ աշխարհում գործընկեր երկրների հետ փոխգործակցության միջոցով:

Էրազմուս+ ազգային գրասենյակները Ծրագրի իրականացման հարցերում աջակցում են Եվրոպական հանձնաժողովին, Գործակալությանը և երրորդ երկրների պետական մարմիններին: Գրասենյակների լիազորությունների շրջանակը ներառում է Էրազմուս+ գործողությունների միջազգային բաղադրիչի աջակցությանը, խթանմանը և տարածմանն ուղղված միջոցառումները:

Աշխատանքի նկարագրությունը.

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն կնշանակվի ԵՄ Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգողի պաշտոնում: Աշխատանքի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի հուլիսին, իսկ պայմանագրի տևողությունը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30 ՝ Ծրագրի 2025-2026 աշխատանքային ծրագրի ավարտը։ Պաշտոնի համար նախտեսված է լրիվ  (100 %) ծանրաբեռնվածություն․ այն համատեղելի չէ այլ աշխատանքների հետ:

Համակարգողը պատասխանատու կլինի հետևյալ գործողությունների իրականացման և համակարգման համար.

-  Էրազմուս+ ծրագրի խթանում, տեղեկատվության տարածում և մասնակցությանն աջակցություն՝ ներառյալ տեղեկատվական արշավների կազմակերպումը, առաջիկա մրցույթների և հայտերի ներկայացմանն կայքէջի վարումը, տեղեկատվական նյութերը և այլ միջոցառումներ.

-  Աջակցություն և խորհրդատվություն Էրազմուս+ ծրագրի շահառու անհատներին և կազմակերպություններին՝ ներառյալ թիրախային խորհրդատվությունների և վերապատրաստման դասընթացների կազմակերպումը մրցունակ հայտադիմումների պատրաստմանն աջակցության նպատակով, ինչպես նաև ԵՄ հատուկ թեմաներով անցկացվող ծրագրերին նվիրված թեմաների վերաբերյալ.

-  Էրազմուս+ ծրագրի արդյունքների տարածում և դրանց կիրառում` ներառյալ արդյունքերի կիրառմանը նպաստող միջոցառումների իրականացում, Գործակալությանը, Հայաստանում ԵՄ առաքելությանը ուսումնասիրությունների, վիճակագրության, զեկույցների պատրաստման համար կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներին առնչվող տեղեկատվության տրամադրում.

-   Բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների ուսումնասիրություն և Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HEREs) գործունեության կազմակերպում` ներառյալ զեկույցների և փաստաթղթերի նախագծերի մշակում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող նախագծերի կատարման և դրանց ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում.

-  Էրազմուս+ գրասենյակի ղեկավարում` ներառյալ տեխնիկական և վարչական անձնակազմի կառավարումը, բյուջեին մշտադիտարկումը, ֆինանսական հարցերին հետևելը, Գրասենյակի գործունեության հաշվետվությունների կազմումը.

-  Համակարգում՝ ներառյալ համագործակցությունը և հաշվետվությունների ներկայացումը Գործակալությանը, ԵՄ պատվիրակությանը և ազգային մարմիններին, ինչպես նաև արդյունավետ աշխատանքային հարաբերությունների հաստատումը Էրազմուս+ Գործընկեր երկրների համակարգող գրասենյակների և Ծրագրին մասնակից երկրներում Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ:

Դիմելու կարգը և չափանիշները․

Թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ երկու փաստաթղթերը՝ անգլերենով.

-   մանրամասն ինքնակենսագրություն (CV), Europass CV ձևաչափով,

-  մոտիվացիոն նամակ (առավելագույնը 2 էջ):

 Դիմումները պետք է ուղարկվեն neoarmenia@hesc.am էլ. հասցեին: Էլ. նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է կատարել հետևյալ գրառումը. «Application – Coordinator NEO_Armenia»:

Թեկնածուների ընտրությունը կիրականացվի Ընտրող հանձնաժողովի կողմից, որը կազմված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներից, հասարական և կրթական ոլորտի կազմակերպությունների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներից: 

Դիմումատուներին ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարելի ծանոթանալ հայտարարության տեքստից։

Մրցույթի հետ կապված հավելյալ հարցերը կարելի է ուղղել public@hesc.am էլ․ հասցեին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 3 հունիսի 2025 թվական, ժամը 17:00 (Երևանի ժամանակով):

Վերոնշյալ պահանջի խախտման դեպքում հայտադիմումը քննության չի ենթարկվի: